
Ներդրումը խնայողությունների ուղղումն է տարբեր ֆինանսական գործիքների՝ ապագայում եկամուտ ստանալու նպատակով: Այն օգնում է հասնել Ձեր նպատակներին, պաշտպանում է գումարը գնաճից և ապահովում ֆինանսական կայունություն:
Ներդրումը խնայողությունների նպատակային օգտագործումն է, երբ ներկայումս խնայված միջոցները ուղղվում են ապագայում եկամուտ կամ այլ ֆինանսական օգուտ ստանալու նպատակով: Ներդրումներ կարող եք կատարել կա՛մ երազանքներն իրականացնելու և նպատակներին հասնելու, կա՛մ պարզապես գումարից գումար աշխատելու և ապագան ֆինանսապես ապահովելու համար։
Գուցե Դուք երազում եք շուրջերկրյա ճանապարհորդության մասին, ցանկանում եք ուսանել լավագույն համալսարաններից մեկում կամ պարզապես ունենալ ապահով ծերություն: Այս և այլ նպատակներին հասնելու համար ներդրումները կարող են օգտակար գործիք լինել:
Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչպես են մարդիկ խնայում ու ներդնում գումար, երբ իրենց եկամուտները չեն բավարարում ծախսերին։ Այս հարցին հաճախ անդրադառնում են հաջողության հասած ներդրողները՝ նշելով, որ կարևոր քայլերից մեկը եկամուտը ստանալուց անմիջապես հետո դրա մի մասը խնայելն է։ Նրանք վստահեցնում են, որ մարդը սովորաբար ծախսում է այնքան գումար, որքան նախատեսում է ծախսել: Հետևաբար, եթե եկամուտը ստանալուց հետո դրա մի մասը նախ խնայեք և ներդրում կատարեք, իսկ մնացած գումարի սահմաններում պլանավորեք ծախսերը, ժամանակի ընթացքում կարող եք գրանցել ֆինանսական հաջողություններ։
Ներդրում կատարելով՝ Դուք ձեռք եք բերում որևէ ներդրումային գործիք, օրինակ՝ բաժնետոմս, պարտատոմս, կամ ստանում եք որևէ առարկա, օրինակ՝ բնակարան, ժամացույց, գինի, և դրա նպատակը ապագայում եկամուտ ապահովելն է: Ընդ որում՝ եկամուտ կարելի է ձեռք բերել երկու եղանակով.
Դուք ձեռք եք բերել «Ես լավ ընկերություն եմ» ընկերության բաժնետոմս, այսինքն՝ դարձել եք տվյալ ընկերության բաժնետեր: Եթե այս ընկերության գործերը լավ գնան, ընկերությունը ձևավորի զուտ շահույթ, դրանից հետո ընկերության բաժնետերերը և ղեկավարները կունենան ժողով ու կորոշեն՝ զուտ շահույթը բաժանել բաժնետետերի՞ն, թե վերաներդնել բիզնեսի մեջ: Եթե որոշեն բաշխել շահույթը, Դուք կստանաք շահաբաժին/դիվիդենտ: Իսկ եթե ընկերությունը այդ գումարով որոշի ծաղկեցնել բիզնեսը, այդ դեպքում այս պահին հավանաբար չեք ստանա շահաբաժին, բայց մեծ կլինի հավանականությունը, որ բիզնեսի գործերը կշարունակեն լավ լինել, Ձեր բաժնետոմսերը կթանկանան , և հետո Դուք կկարողանաք այն ավելի թանկ վաճառել:
ԳՈՒՄԱՐԸ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ ՊԱՀԵԼՆ ՈՒՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ․
✔ Ստեղծվում է հավելյալ եկամուտ
Հենց այս հատկության շնորհիվ ներդրումները համարվում են գումար կուտակելու արդյունավետ միջոց․ մի կողմ դրած Ձեր գումարը սկսում է «աշխատել» Ձեզ համար և կարող է ապահովել եկամուտ: Օրինակ՝ եթե Ձեր խնայած գումարով ձեռք բերեք պարտատոմսեր, ապա ընթացիկ եկամուտը կարող է լինել պարբերաբար ստացվող արժեկտրոնների տեսքով, ինչպես նաև կարելի է վաճառքից ստանալ հավելյալ եկամուտ, եթե վաճառեք ավելի բարձր գնով: Շատ դեպքերում ներդրումներից հնարավոր է ստանալ կայուն եկամտի հոսք՝ ընթացիկ կարիքները հոգալու համար (օրինակ՝ բաժնետոմսերից ստացած շահաբաժինները, պարտատոմսերի արժեկտրոնները, վարձակալության հանձնված բնակարանը): Այլ կերպ ասած՝ ներդրումներն օգնում են ոչ միայն գումար կուտակել ապագայի համար, այլև կարող են լինել եկամտի աղբյուր ընթացիկ սպառումների համար:
✔ Դա Ձեզ պաշտպանում է գնաճից
Ի տարբերություն տանը պահված գումարի՝ ներդրումները կարող են օգնել պաշտպանվել գնաճից: Մեծ է հավանականությունը, որ մեկ տարի հետո նույն գումարով չեք կարողանա գնել նույն քանակի ապրանք, ինչ՝ այսօր. չէ՞ որ սովորաբար ապրանքների և ծառայությունների գներն աճում են, իսկ տանը պահված գումարը մնում է նույնը: Ներդրումների ապահոված հավելյալ եկամուտը կարող է փոխհատուցել գնաճի առաջացրած հետևանքները:
✔ Դա հնարավորություն է տալիս տարբերակված (դիվերսիֆիկացված) ներդրումներ կատարել և նվազեցնել ռիսկերը
Ավելի արդյունավետ ներդրումներ իրականացնելու համար կարևոր է դիվերսիֆիկացիան, այսինքն՝ միջոցները տարբեր տեղերում պահելու սկզբունքը։ Ֆինանսիստները դա մի հետաքրքիր օրինակով են բացատրում, ասում են՝ «բոլոր հավկիթները մի՛ պահիր մեկ զամբյուղում»: Բայց նախ եկեք հասկանանք՝ ինչո՞ւ:
Եթե Ձեր գումարը բաժանեք տարբեր ներդրումների միջև, օրինակ՝ մի մասը պահեք ավանդի տեսքով, մի մասով արժեթղթեր գնեք, մի մասով էլ ներդրում կատարեք անշարժ գույքում, գումարը կաճի կայուն կերպով: Եթե անգամ մի ոլորտում տատանումներ լինեն, և Դուք կորուստ ունենաք, Ձեր մյուս ներդրումը կհավասարակշռի իրավիճակը: Այլ կերպ ասած՝ մի շուկայի անկումը կփոխհատուցվի մյուս շուկայի աճով: Դիվերսիֆիկացիան հնարավորություն է տալիս ոչ միայն պահպանել գումարը, այլ նաև ստանալ եկամուտ միաժամանակ տարբեր աղբյուրներից: Ներդնելով տարբեր ակտիվներում՝ կարող եք օգտվել շուկայի փոփոխություններից ու մեծացնել եկամուտները:

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։