
Փողի ժամանակային արժեք
Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է ավելի նախընտրելի՝ ստանալ 100 000 դրամ այսօ՞ր, թե՞ 105 000 դրամ՝ մեկ տարի անց:
Նախքան հարցին պատասխանելը, պետք է հասկանալ, թե ինչ նկատի ունենք «փողի ժամանակային արժեք» ասելով:
Փողի ժամանակային արժեքը ցույց է տալիս, որ այսօր ստացված գումարն ավելի արժեքավոր է, քան նույն գումարը, բայց ստացված ապագայում։ Դրա պատճառը այն է, որ այսօր գումարը կարող եք ներդնել և ավելացնել դրա արժեքը՝ տոկոսներով կամ եկամուտ ստանալով։
Եթե այսօր Դուք ունեք 10,000 դրամ, կարող եք այն ներդնել բանկում որպես ավանդ և մեկ տարի անց ստանալ 10,500 դրամ (եթե բանկի առաջարկած ավանդի տոկոսադրույքը 5% է)։ Բայց եթե Ձեզ խոստանան 10,000 դրամ մեկ տարի հետո, Դուք կզրկվեք այդ գումարը հիմա օգտագործելու կամ ներդնելու հնարավորությունից և, հետևաբար, եկամուտ ստանալուց։ Այսինքն՝ այսօր ունեցած գումարը միշտ ավելի արժեքավոր է, քան նույն գումարը ապագայում, եթե այն չօգտագործեք։
Ներդնել հնարավորինս շուտ
Որքան շուտ սկսեք ներդրումներ կատարել, այնքան լավ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք, ովքեր սկսում են ներդնել երիտասարդ տարիքում, սովորաբար առավել արագ են դառնում ֆինանսապես անկախ և կուտակում մեծ հարստություն: Դա պայմանավորված է բարդ կամ կապիտալացվող տոկոսադրույքով․ տոկոսները հաշվարկվում են ներդրված գումարի և նախորդ ժամանակաշրջանների ընթացքում կուտակված տոկոսների հիման վրա: 100 000 դրամը 10% բարդ տոկոսադրույքով ներդնելու դեպքում առաջին և երկրորդ տարիներին կունենաք հետևյալ տոկոսային եկամուտները.Առաջին տարում` 100 000 * 10% = 10 000 դրամ:Երկրորդ տարում՝ (100 000 + 10 000) * 10% = 11 000 դրամ:
Այսպիսով՝ նույնիսկ փոքր գումար ունենալով, կարող եք մեծ հարստություն կուտակել, եթե սկսեք ներդրումներ կատարել որքան հնարավոր է շուտ:
Բացի դրանից՝ որքան շուտ սկսեք ներդնել, այնքան երկար ժամանակ կկարողանաք սպասել, որ ներդրումներն «աշխատեն» Ձեզ համար։ Արժեթղթերի եկամտաբերությունը երկար ժամանակահատվածում ավելի մեծ է լինում, քանզի հնարավոր է լինում հաղթահարել կարճաժամկետ տատանումները։ Այս նկարը պատկերավոր կբացատրի ասվածը.
Մեծ ռիսկ՝ բարձր եկամուտ
Ըստ այս սկզբունքի՝ որքան ռիսկային է կատարված ներդրումը, այնքան բարձր պետք է լինի դրա դիմաց ստացվող եկամտաբերությունը: Ենթադրենք՝ Դուք պետք է ընտրություն կատարեք որևէ ընկերության բաժնետոմս գնելու և գումարը բանկում որպես ավանդ ներդնելու միջև: Ավանդն ավելի ապահով ներդրումային գործիք է, քանի որ դրա հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Մյուս կողմից՝ ընտրելով բաժնետոմսը, որն ավելի ռիսկային գործիք է, Դուք պահանջում եք, որ ավելի բարձր «հատուցվի» ռիսկային ներդրում կատարելու համար: Սխալ է պնդել, որ այս երկու տարբերակներից որևէ մեկը միշտ ամենաձեռնտուն է: Դուք ինքներդ պետք է ընտրեք Ձեզ ավելի հարմար ներդրումային գործիքը՝ հիմնվելով սեփական նպատակների և այլ նախընտրությունների վրա:
Գնել, երբ գինը ցածր է, վաճառել, երբ բարձր է
Շատ ներդրողներ կատարում են հետևյալ տարածված սխալը՝ երբ իրենց բաժնետոմսի գինն ընկնում է, վախեցած վաճառում են այն։ Այնինչ պետք է կատարել ճիշտ հակառակը. երբ բաժնետոմսի գինը ցածր է, իսկ Դուք դա հետաքրքիր բաժնետոմս եք համարում, կարծում եք, որ դրա գնի՝ հետագայում բարձրանալու հավանականությունը մեծ է, ուրեմն պետք է գնել, իսկ ունեցածը դեռ պահել՝ հետագայում գնի բարձրացման հույսով։ Իսկ երբ արդեն գինը բարձր է, կարող եք վաճառել։
Արժեթղթեր գնելիս և վաճառելիս վերլուծե՛ք ու փորձե՛ք պարզել՝ դա արժեզրկվա՞ծ է, թե՞ արժևորված։ Եթե այժմ ավելի ցածր է գինը, քան կարող է լինել, այսինքն՝ ապագայում կարող է բարձրանալ, ապա գնե՛ք, իսկ եթե կարծում եք, որ գերարժևորված է, և գինը հետագայում նվազելու է, ապա վաճառե՛ք։
Շատերի մոտ հանդիպում մեկ այլ սխալ. գնում են արժեթուղթ ու պահում այն շատ երկար՝ առանց հետևելու շուկայի զարգացումներին: Արժեթղթերի աշխարհը շատ ակտիվ է, այնտեղ մտնելիս պետք է պատրաստ լինել շուկային անընդհատ հետևելու ու ըստ այդմ գնելու ու վաճառելու:

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։